Գիշերային հերթափոխով աշխատանքը, մի քանի ժամային գոտիների հաճախակի հատումները և անկանոն քունը կարող են մեծացնել կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի զարգացման ռիսկը։ Նման եզրակացության են եկել Տեխասի A&M համալսարանի Արվեստների և գիտությունների քոլեջի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Oncogene ամսագրում։

«Ցիրկադային ռիթմերը՝ մեր ներքին 24-ժամյա կենսաբանական ժամացույցը, կարգավորում են ոչ միայն քունը, այլև հորմոնների արտադրությունը, հյուսվածքների վերականգնումը և իմունային համակարգի աշխատանքը։ Դրանց քրոնիկ խանգարման դեպքում օրգանիզմի բնական հակաուռուցքային պաշտպանությունը թուլանում է»,- պարզաբանել է դոկտոր Տապասրի Ռոյ Սարկարը՝ Տեխասի A&M համալսարանի Վիճակագրական բիոինֆորմատիկայի կենտրոնի համատնօրենը։

Այս ազդեցությունն ուսումնասիրելու համար հետազոտողներն օգտագործել են գենետիկորեն ձևափոխված մկների երկու խումբ, որոնք հակվածություն են ունեցել կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի նկատմամբ։ Մի խումբն ապրել է լուսային բնական ռեժիմի պայմաններում, իսկ մյուսը՝ լուսային ցիկլի մշտական խանգարումների պայմաններում։

Ցիրկադային ռիթմերի խանգարում ունեցող կենդանիների մոտ ուռուցքներն ի հայտ են եկել զգալիորեն ավելի վաղ՝ մոտավորապես 18-րդ շաբաթում՝ սովորական 22-ի փոխարեն: Բացի այդ, նման նորագոյացություններն ավելի հաճախ են մետաստազներ տվել թոքերում, ինչը կապված է ավելի անբարենպաստ կանխատեսման հետ:

Վերլուծությունը ցույց է տվել, որ կենսաբանական ժամացույցի խափանումը ճնշել է իմունային պաշտպանությունը և միաժամանակ փոխել կրծքագեղձի առողջ հյուսվածքի կառուցվածքը՝ մեծացնելով չարորակ վերափոխման ռիսկը:

Առանցքային օղակ է հանդիսացել LILRB4 ընկալիչը՝ իմունային հսկիչ կետը, որը նորմայի սահմաններում սահմանափակում է բորբոքումը, իսկ քաղցկեղի դեպքում կարող է չափից ավելի ճնշել իմունային պատասխանը: LILRB4-ի վրա ներազդելիս ուռուցքի միկրոմիջավայրը դառնում է պակաս իմունոսուպրեսիվ (իմունային համակարգը քիչ ճնշող), իսկ քաղցկեղի աճն ու մետաստազավորումը դանդաղում են նույնիսկ խաթարված ցիրկադային ռիթմերի ֆոնին:

Հեղինակները նշել են, որ համաշխարհային բնակչության զգալի մասն աշխատում է գիշերային հերթափոխով: Գիտնականները պատրաստվում են իրենց հաջորդ նախագիծը նվիրել այն բանի ուսումնասիրությանը, թե ինչպես կարելի է մարդկանց մոտ հետ շրջել ցիրկադային ռիթմերի քրոնիկ խանգարման հետևանքները: