Կրծքի կաթի փոխարինողը հնարավոր է արտադրել Vischeria punctata միկրոջրիմուռների յուղերի հիման վրա, այսպես են կարծում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) Կ.Ա. Տիմիրյազևի անվան բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները: Այս նյութերը կբարձրացնեն նորածինների կողմից կաթնախառնուրդների յուրացումը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ռուսաստանի գիտական հիմնադրամից: Արդյունքները հրապարակվել են Functional Plant Biology ամսագրում:

Մանկան առողջ զարգացման համար անհրաժեշտ է պալմիտինաթթու, նշում է ՌԳԱ Բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի լիպիդային փոխանակության լաբորատորիայի վարիչ, առաջատար գիտաշխատող Ռոման Սիդորովը:

«Մանուկները պալմիտինաթթուն հիմնականում յուրացնում են մայրական կաթի ճարպից, որտեղ այն կենտրոնական դիրք է զբաղեցնում տրիացիլգլիցերիններում: Բուսական յուղերում, որոնք օգտագործվում են արհեստական կերակրման ժամանակակից մանկական խառնուրդներում, այս թթուն գտնվում է եզրային դիրքերում, ինչը վատթարացնում է դրա յուրացումը», — պատմել է գիտնականը:

Նա հավելել է, որ դա կարող է հանգեցնել ոչ միայն մարսողական խնդիրների, օրինակ՝ որոշ երեխաների մոտ փորկապության, այլև կալցիումի փոխանակության խաթարման, որը կարևոր տարր է կմախքի զարգացման համար:

Ըստ Սիդորովի՝ մինչև վերջերս կրծքի կաթի ճարպին իր կառուցվածքով մոտ միակ նյութը խոզի ճարպից ստացվող բետա-պալմիտատն է եղել, սակայն դրա կիրառումը սահմանափակ է՝ որոշ մարդկանց կրոնական և էթիկական համոզմունքների պատճառով:

ՌԳԱ Բույսերի ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականներն առաջարկել են օգտագործել Vischeria punctata միկրոջրիմուռների ճարպերը՝ կաթնախառնուրդների որակը բարելավելու համար: Այս օրգանիզմներն ազոտով աղքատ միջավայրում աճեցնելիս միկրոջրիմուռի բջջի գրեթե ողջ ծավալը լցվում է լիպիդային կաթիլներով: Նման կաթիլների նյութերի մոտ 40 տոկոսը կազմում են մանկական սննդի համար պիտանի ճարպերը, որոնց կենտրոնում պալմիտինաթթուն է:

«Հետագա աշխատանքում մենք նախատեսում ենք օպտիմալացնել և ընդլայնել հետազոտված միկրոջրիմուռի մշակման մեթոդները մինչև կիսաարդյունաբերական մակարդակ, որպեսզի մշակենք մարդու ֆունկցիոնալ սննդի համար արժեքավոր յուղի ստացման տեխնոլոգիա», — պատմել է Սիդորովը: