Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններին հասնող երկաթուղային հատվածները գտնվում են Ռուսատասանի կոնցեսիայի ներքո և ես Հայաստանի պատրաստակամությունն եմ հայտնել՝ դրանք երկրի սեփականության տակ վերցնելու և պետական բյուջեի միջոցներով վերականգնելու համար, եթե պարզվի, որ Ռուսաստանն ունի խնդիրներ կամ խնդիր է տեսնում այդ հատվածների ժամանակին վերականգման մասով։ Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա պարզաբանել է, որ Հայաստանը պատրաստ է գնալ նման քայլի, եթե առաջանան խոչընդոտներ։ Վարչապետն ընդգծել է, որ առաջին փուլում Հայաստանը կարևոր է համարում Տավուշի երկաթուղու, ներառյալ Իջևանի երկաթուղային կայարանի վերականգնողական աշխատանքների մեկնարկը։ Կառավարության ղեկավարը կարևորել է նաև Հայաստանի և Թուրքիայի սահմանին գտնվող Ախուրիկի հատվածի երկաթգծի, ինչպես նաև Երասխից մինչև Նախիջևանի սահման երկաթուղու վերականգնումը։
Փաշինյանը հույս է հայտնել, որ ռուս գործընկերները հնարավորինս արագ կիրականացնեն այդ աշխատանքը՝ վերահաստատելով, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, ինչպես նաև այն հնարավորությունները, որոնք դրանք ստեղծում են Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵԱՏՄ-ի համար։