Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Աշխեն Ղարսլյանի նախագահությամբ անցկացվեց Սամվել Մայրապետյանի գործով դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին հայցվոր Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ֆիլիանա Բելլույանը, պատասխանող Գագիկ Հակոբջանյանը, պատասխանող Գագիկ Հակոբջանյանի ներկայացուցիչը Վլադիմիր Գաբրիելյանը, պատասխանող Սամվել Մայրապետյանի ներկայացուցիչը Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը, վկաներ Արթուր Աղաբեկյանը, Նարեկ Սարգսյանը, Ռուսամ Գրիգորյանը, Ամալյա Կարապետյանը։ Դատական նիստին չէին ներկայացել մյուս վկաները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը։
Դատական նիստի ընթացքում իրականացվեց վկաների հարցաքննություն այդ իսկ պատճառով նիստի սկզբում կողմերը առարկեցին նիստի տեսաձայնագրմանը, նիստը ձայնագրվել է։
Նախորդ նախնական դատական նիստում դատարանը սահմանել էր ապացույցների հետազոտման հետևյալ հերթականությունը, նախ՝ վկաների ցուցմունքները, այնուհետև՝ գործում առկա մնացած ապացույցների հետազոտումը։ Այսպիսով առաջինը հարցաքննվեց գործով վկա Ամալյա Կարապետյանը։ Նա 2006 թվականին կնքել էր բնակարանի և ավտոկայանի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր։
Վկա Կարապետյանը հայտնեց, որ պայմանագրում նշված բնակարանի գինը կազմել է շուրջ 12,9 մլն դրամ, ավտոտնակի գինը՝ մոտ 2,3 մլն դրամ, և այդ տվյալները համապատասխանում են իրականությանը։ Նրա խոսքով՝ գործարքի հիմնական գործընթացը վարել է որդին, մինչդեռ ինքը մասնակցել է բացառապես ստորագրմանը։ Վկան նշել է, որ որևէ այլ վճարում պայմանագրով սահմանված գումարից բացի չի իրականացվել։
Դատարանում հարցաքննվեց նաև Նարեկ Սարգսյանը, նա 2006 թվականի մայիսի 19-ին կնքել է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր։ Վկան հայտնեց է, որ ձեռք է բերել 257 քմ մակերեսով բնակարան՝ շուրջ 17 մլն դրամով։ Նրա խոսքով՝ բնակարանը վաճառվել է ինքնարժեքով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ինքը հանդիսացել է շենքի նախագծի հեղինակ։ Վկան ընդգծել է, որ որևէ այլ պարտավորական կամ փոխկապակցված հարաբերություն Սամվել Մայրապետյանի հետ չի ունեցել, իսկ պայմանագրում նշված գինը ամբողջությամբ վճարվել է։
Հայցվոր կողմը հարցադրումներ հնչեցրեց նաև բնակարանների շուկայական և պայմանագրային արժեքների էական տարբերության վերաբերյալ՝ վկայակոչելով փորձագիտական եզրակացություն, ըստ որի որոշ բնակարանների շուկայական արժեքը զգալիորեն գերազանցել է պայմանագրերում նշված գները։ Պաշտպանական կողմը, իր հերթին, առարկեց՝ նշելով, որ նման հարցադրումներով ճնշում են գործադրում վկաների վրա և դուրս են գալիս հարցաքննության թույլատրելի շրջանակներից։
Դատարանում ցուցմունքներ են տվել նաև այլ վկաներ՝ Աղաբեկյանը և Գրիգորյանը, որոնք հայտնել են, որ իրենց կողմից իրականացված վճարումները հիմնականում համապատասխանել են պայմանագրերում նշված գումարներին, իսկ շենքը՝ բնակարանները ձեռք բերելու պահին դեռ կառուցման փուլում է եղել։
Դատական նիստի ընթացքում բազմիցս ծավալվեցին բանավեճեր կողմերի միջև՝ վկաներին տրվող հարցերի թույլատրելիության, շուկայական արժեքների կիրառելիության և ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ։ Դատարանը արձանագրել է, որ գործի քննության շրջանակում կարևոր է պարզել՝ արդյոք պայմանագրերից տարբերվող այլ գներ են փաստացի վճարվել, թե ոչ։
Ներկա վկաների հարցաքննության ավարտից հետո դատարանը տեղեկացրեց, որ հաջորդիվ կծանուցվեն մյուս վկաները։ Դատական նիստը հետաձգվեց , հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թվականի հունվարի 30-ին ժամը 15:00-ին։