Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ Կարապետ Բադալյանի, այսօր անցկացվեց Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը, պատասխանող Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը։ Երրորդ անձ հանդիսացող Արարատ բանկը ծանուցվել էր, բայց ներկայացուցիչը չէր ներկայացել։ Նիստի սկզբում պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը նհանդես եկավ միջնորդությամբ։
Հայտնեց, որ սույն գործի շրջանակներում ի թիվս այդ պահանջների իրավասու մարմինը Սերժ Սարգսյանի դեմ ներկայացրել է 186 մլն 584 325 դրամ ծախսված գումարի բռնագանձման պահանջ։ Ընդ որում խոսքը վերաբերում է առավելապես, եթե ոչ, ամբողջությամբ Ռիտա Սարգսյանի բանկային և քարտային հաշիվներով կատարված ծախսերին։
Սույն գործի շրջանակներում ծախսված գումարի բռնագանձման պահանջի մասով ապացուցման բեռը բաշխվել է հետևյալ կերպ, իրավասու մարմինը պետք է ապացուցի 186 միլիոն 584 325 դրամ ծախսված գումարի՝ Սերժ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանելը։ Ներկայացուցիչը հայտնեց, որ հայցադիմում մեջ չկա որևէ պնդում առ այն որ Ռիտա Սարգսյանի կողմից ծախսվել է Սերժ Սարգսյանի միանձնյա կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանած գումար։
Միջնորդության ամբողջական բովանդակությունը դատական նիստի տեսանյութում։
Ներկայացուցիչը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի երրորդ հոդվածի առաջին մասի հինգերորդ կետի Ա ենթակետի՝ ընդհանուր համատեղ սեփականությանը վերաբերող օրենքի, իսկ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի դեպքում՝ «գույքն ամբողջությամբ» ձևակերպման, սահմանադրականությունը պարզելու հարցով և կասեցնել սույն գործի վարույթը մինչև Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում կայացնելը։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը առարկեց միջնորդությանը։ Նշեց, որ դրա բավարարման համար հիմքեր առկա չեն։
«Պարոն Գրիգորյանը իր միջնորդությունը կառուցելիս հիմնվել է այն պատճառաբանության վրա, որ դատարանը կարող է կիրառել միայն օրենքի երրորդ գլխի առաջին մասի հինգերորդ կետի Ա ենթակետը, բայց այստեղ միայն դա չի կարող կիրառվել, կարող է կիրառվել նաև Բ ենթակետը, և այդ Բ ենթակետը բաղկացած է երկու մասից։․․․Այսինքն, այս երկու ենթակետերը կարող են կիրառվել նաև սույն հայցադիմումով, հետագայում, եթե դատարանը հիմնավոր համարի, որ Սերժ Սարգսյանը ունեցել է ապօրինակ ծագում ունեցող գույք, այս երկու ենթակետերի հետ վերաբերելի են»,- նշեց Ենոքյանը։
Միջնորդության քննարկման արդյունքում Դատարանը հայտնեց, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի չորրորդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված հիմքը առկա չէ Սահմանադրական դատարան դիմելու և որոշեց միջնորդությունը մերժել։
Այսպիսով դատական նիստը հետաձգվեց, այն կշարունակվի դեկտեմբերի 24-ին 10։00-ին։